«Անկյունաքար» հրատարակչություն

Thursday, March 17, 2011

Հարցազրույց բառարանի ձևավորող Արևիկ Գրիգորյանի հետ

Օրերս http://bar-ankyunacar.blogspot.com/ բլոգի խմբագրությունը զրուցեց բառարանի ձևավորող Արևիկ Գրիգորյանի հետ։

_Անգլերեն-Հայերեն Արդի Բառարանն Անկյունաքարում Ձեր ձևավորած առաջի՞ն գիրքն է։
_Գրքի ձևավորման ասպարեզում իմ առաջին փորձերը եղել են դեռևս Գեղարվեստի Ակադեմիայի Գրաֆիկայի բաժնի նախապատրաստական կուրսում ուսանելու տարիներին. ձևավորել եմ Արտավազդ Եղիազարյանի Ժամադրություն պատմվածքների ժողովածուն։ Պետք է նշեմ, որ դրանք լավ պատմվածքներ են, սակայն այսօրվա հայացքով այդ ձևավորումն ինձ արդեն չի բավարարում։ Գրքի ձևավորման իմ աշխատանքներից շատերը եղել են Անկյունաքարի պատվերով, ինչպես օրինակ Զարուհի Գրիգորյանի Հայերեն-Անգլերեն Զրուցարանը (2006թ.), Գրիգոր Տաթևացու Ժողովողի մեկնությունըԵրգ Երգոցի մեկնությունը և այլն։

Լուսանկարը՝ Կ. Գրիգորյանի

_Գեղագիտական հնարքները տեղ ունե՞ն բառարան ձևավորելու ժամանակ։
_ Առաջին հայացքից կարելի է համարել, թե գեղագիտական սկզբունքները բառարան ձևավորելիս այնքան էլ կարևոր չեն, բայց իրականում այդ սկզբունքները պետք է աչքի առաջ ունենալ ցանկացած ձևավորում կատարելիս։ Բառարանի և՛ կազմի, և՛ ներսի ձևավորումն անելիս մտքում ունեի համաչափությունները, գունային համադրությունները, ինտենսիվությունը, ընթեռնելիությունը, տառաչափերը, տառատեսակները՝ գիրքը առավել ամբողջական դարձնելու նպատակով։ Տարիների ընթացքում Անկյունաքարի մի շարք բառարանների ձևավորման ընթացքում մշակվել է ընդհանուր ոճ, և այս բառարանի դեպքում նույնպես օգտագործվել են որոշ սկզբունքներ, սակայն յուրաքանչյուր նոր բառարանի ձևավորումը մի նոր խնդիր է։


Լուսանկարը՝ Կ. Գրիգորյանի

_Նման բառարան ձևավորելը ի՞նչ խնդիրների հետ է կապված։
Բառարանի շարվածքը կազմված է բազմաթիվ տարրերից, որոնք աչքը պետք է միանգամից տարանջատի և ընկալի։ Բառարանից օգտվողները պետք է հնարավորինս հեշտությամբ գտնեն իրենց փնտրած բառը կամ արտահայտությունը, իսկ ձևավորման կարևորագույն խնդիրներից մեկը դրան նպաստելն է։
Բառարանի կազմի գույնը նույնն է, ինչ Անկյունաքարի

_ Ի՞նչ խորհուրդ կտայիք սկսնակ ձևավորողներին։
_ Պահպանել թարմ հայացքը. հաճախ փոխել տեսադաշտը։


_Ի՞նչ ձևավորումների վրա եք աշխատում հիմա։
_ Շուտով կավարտեմ մի գրքի ձևավորում, որն սկսել եմ մի քանի տարի առաջ։ Դա չինական յուրօրինակ և շատ հետաքրքիր հեքիաթների մի շարք է, որն անգլերենից թարգմանել է Զարուհի Գրիգորյանը։ Այս գիրքը նույնպես նախատեսվում է հրատարակել Անկյունաքար հրատարակչությունում։ Գիրքը լույս կտեսնի այս գարնանը։

Լուսանկարը՝ Կ. Գրիգորյանի

_ Եվ վերջում մի հարց. ի՞նչ տեսակի գիրք կուզենայիք ձևավորել մոտ ապագայում։
_ Կուզենայի աշխատել այնպիսի մի գրքի ձևավորման վրա, որը նոր նյութերի և տեխնիկաների հետ աշխատելու հնարավորություն կտար։

_Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։
_Խնդրեմ ։)

No comments: