«Անկյունաքար» հրատարակչություն

Saturday, March 19, 2011

Գրքի ցուցահանդես-վաճառք Խնկո-Ապոր անվ. գրադարանում

Փետրվարի 17-19, 2011, Խնկո-Ապոր անվան Ազգային Մանկական գրադարանում, Հրատարակիչների ազգային ասոցիացիան կազմակերպել էր գրքի Երևանյան միջազգային 6-րդ ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցում էր նաև Անկյունաքար հրատարակչությունը։ Այս տոնավաճառում տիրում էր աշխույժ մթնոլորտ, բազմաթիվ էին թե՛ այցելուները, և թե՛ միջոցառումները։

Փետրվարի 18-ին 14։00 տոնավաճառի շրջանակներում նույն գրադարանի գլխավոր դահլիճում տեղի ունեցավ Անկյունաքար հրատարակչության Անգլերեն-Հայերեն Արդի Բառարանի շնորհանդեսը՝ դպրոցականների և ուսուցիչների համար։ Այս շնորհանդեսի առանձնահատկությունն էր, որ ներկաների մեջ մեծ թիվ էին կազմում դպրոցահասակ պատանիներն ու աղջիկները Երևանի թիվ 114, 55 և 78 դպրոցներից։

Բառարանը նախ ներկայացրեց Գրահարատարակիչների Ազգային Ասոցիացիայի նախագահ Վահան Խաչատրյանը։  Վերջինս նշեց, որ Անկյունաքարն ընտանեկան հրատարակչություն է, որն անգլերեն-հայերեն բառարաններ հրատարակում է դեռևս 1997թ.-ից, և Անգլերեն-Հայերեն Արդի Բառարանը կազմել են հայր և դուստր Գրիգորյանները։ Վ. Խաչատրյանը խոսեց նաև բառարանի խմբագիր Թեոֆանա Վարդանյանի և ձևավորող Արևիկ Գրիգորյանի մասին, ովքեր նույնպես ներկա էին շնորհանդեսին։ Ասոցիացիայի նախագահն իր խոսքում հիշատակեց այն մասին, որ տարիներ շարունակ Անկյունաքար հրատարակչությունը մի քանի այլ հրատարակչությունների հետ միասին ներկայացրել է Հայաստանի գրահրատարակչության ոլորտը այնպիսի միջազգային գրքի տոնավաճառներում, ինչպիսիք են Սալոնիկի գրքի միջազգային տոնավաճառը, Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառը և այլն։

Հեղինակներ Խաչիկ Գրիգորյանը և Զարուհի Գրիգորյանը խոսեցին բառարանագրության սկզբունքների ու առանձնահատկությունների մասին, ներկայացվող բառարանի ստեղծման աշխատանքների մասին, բառարանի հետագա հարստացման ծրագրերի մասին։
_ Գրիգոր Տաթևացին «Հարցմանց Գրքում» գրում է, որ  հունարենը նուրբ է, հոների լեզուն սպառնական է, պարսիկների լեզուն ճոխ է, իսկ հայոց լեզուն համեղ է և պարունակում է բոլոր լեզուների համերն իր մեջ, իսկ նրանք՝ ոչ։ Մեր լեզուն և՛ համեղ է, և՛ հզոր է, և դա երևում է նաև բառարաններում, մասնավորապես այս բառարանում, որում աշխատել ենք ցույց տալ մեր լեզվի թարգմանական հզորությունը։ Այն ունի բառաստեղծական մեծ հնարավորություններ և արտահայտչամիջոցներ, - իր խոսքում նշեց Խ. Գրիգորյանը, և ավելացրեց, որ բառարանի գլխավոր նպատակն է ներկայացնել բառերի անգլերենից հայերեն ճշգրիտ իմաստային թարգմանությունները։ Նա ավելացրեց. 
_Կարևոր է բառարանի դերն այն հարցում, որ անգլերենից հայերեն թարգմանությունները լինեն ոչ թե մեխանիկական, այլ համապատսխանեն հայերենի տրամաբանությանը։ Այսպես, այժմ տարածված են իմ մոտ չի ստացվում, նա իր մոտ չէ արտահայտությունները, որոնք իրականում սխալ են. ճիշտ է ասել ես սա չեմ կարողանում, նա տեղում չէ։
Զարուհի Գրիգորյանը նախ համառոտ ներկայացրեց, թե հնում, դեռևս տպագրության գյուտից առաջ, ինչպես են կազմվել բառարանները, և նշեց, որ այդ աշխատանքի մի զգալի մասնը այսօր կատարվում է համագարգչի օգնությամբ։

Շնորհանդեսը տևեց երկար, եղան աշխույժ հարցուպատասխաններ։ Ահա դրանցից մի քանիսը.

_Մարդը կարո՞ղ է միայն Ձեր բառարանը կարդալով անգլերեն սովորել, - հարցրեց շնորհանդեսին ներկա աշակերտներից մեկը։
_Ոչ, դա բավարար չէ, անհրաժեշտ է նաև քերականության, արտահայտությունների իմացություն։  (Խ. Գրիգորյան)

_ Ի՞նչ իմաստ ունի բառարանի տպագիր տարբերակը, երբ այսօր կան էլեկտրոնային և առցանց բառարաններ։
_ Իհարկե էլեկտրոնային բառարաններից օգտվելն ավելի դյուրին է, քանի որ հաստատված է, որ տպագիր բառարանից որևէ բառ գտնելը տևում է մինչև 2րոպե, իսկ առցանց տարբերակում դա կարելի է անել շատ ավելի արագ, մոտ 10 վայրկյանի ընթացքում։ Սակայն միշտ չէ, որ համակարգիչը հասանելի է, և երբեմն մարդ կարիք է ունենում գրքի հետ շփում ունենալու, այնպես որ այսօրվա մարդու համար երկուսն էլ իրենց կարևորությունն ունեն։ Եվ որ ավելի կարևոր է, կոնկրետ այս բառարանի դեպքում, որ սա մինչ այսօր ստեղծված ամենահարուստ անգլերեն-հայերեն բառարանն է, և այն իր համարժեքը դեռևս չունի առցանց կամ էլեկտրոնային տեսքով։

_ Իսկ դուք նախատեսու՞մ եք ստեղծել բառարանի էլեկտրոնային տարբերակը, և այն տեղադրել Համացանցում։
_ Այո, մենք կարևորում ենք բառարանի առցանց տարբերակի ստեղծումը և արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մոտ ապագայում Անգլերեն-Հայերեն Արդի Բառարանը կունենա իր առցանց տարբերակը։ (Զ. Գրիգորյան)

_ Դուք ձեր բառարանը կատարյալ համարու՞մ եք։
_ Բառարանը կատարյալ չէ, սակայն ցանկացած աշխատանք կատարելիս պետք է ձգտել կատարելության։ (Զ.Գրիգորյան)

_Իսկ ի՞նչ թերություններ ունի ձեր բառարանը։
_ Բառարանը կազմելը ինքնին երկարատև գործընթաց է, իսկ լեզուն օրեցօր փոփոխվում և զարգանում է (հատկապես բառապաշարի առումով), և ցանկացած բառարան լույս տեսնելուն պես սկսում է հնանալ։ Լեզվի նոր զարգացումները տեղ են գտնում արդեն հաջորդ հրատարակության մեջ։


_ Ես մի պրովոկացիոն հարց պետք է տամ. Ձեզանից ո՞վ է ավելի շատ աշխատել բառարանի վրա։
Այս հարցը թերևս ամենաբարդն էր ...

No comments: