«Անկյունաքար» հրատարակչություն

Friday, March 2, 2012

Նորագույն Անգլերեն-հայերեն բառարանն արդեն առցանց



Հեղինակներ՝ Խաչիկ Գրիգորյան և Զարուհի Գրիգորյան


Անկյունաքար հրատարակչությունը սիրով տեղեկացնում է, որ այժմ արդեն հնարավոր է առցանց օգտվել Արդի Անգլերեն-Հայերեն բառարանից (English-Armenian Contemporary Dictionary by Ankyunacar
Արդի Անգլերեն-հայերեն բառարանն առաջին տպագիր հրատարակությամբ լույս է տեսել 2010-ին։ Այս բառարանը, լինելով գոյություն ունեցող անգլերեն-հայերեն ամենից ծավալունը (114.000 բառ և արտահայտություն), արտացոլում է երկու լեզուների արդի ամենատարբեր ոլորտներին վերաբերող նորագույն բառապաշարը՝ գիտական, տեխնիկական, համակարգչային, հեռահաղորդակցման, կրոնական, հասարակագիտական, կենսաբանական ... Հաշվի առնելով անգլերենի հարուստ դարձվածաբանությունը՝ բառարանը կազմողները հատուկ ուշադրություն են դարձրել դարձվածքների և դարձվածային բայերի, ինչպես նաև խոսակցական բառերի և արտահայտությունների ներառմանը։ Կազմողներն օգտվել են 1868-ից 2010-ն ընկած ժամանակահատվածում լույս տեսած երկլեզվյան և բացատրական, մասնագիտական և ընդհանուր բնույթի բազմաթիվ բառարաններից։
2010-ի աշնանից, երբ տպագիր տարբերակով վաճառքում հայտնվեց Անկյունաքար հրատարակչության այս բառարանը, մեր ընթերցողներից շատերն անհամբեր սպասում էին առցանց տարբերակի հասանելի լինելուն։ Թեև շատերը գերադասում են օգտվել տպագիր տարբերակից, ոմանք նախընտրում են առցանց տարբերակը։ Երկու խմբերին էլ բառարանը մատչելի դարձնելու համար, մենք կատարեցինք մեծ ծավալի տեխնիկական աշխատանք (հանձին ծրագրավորող Միքայել Սիմոնյանի և Խաչիկ Գրիգորյանի)՝ կայքում բառարանը տեղադրելու, այն հարմարավետ և արագագործ դարձնելու համար։ 
Անկյունաքար հրատարակչությունը ծրագրում է անընդհատ ավելացնել առցանց բառարանների քանակը՝ ներառելով և՛ տարբեր լեզուներ, և՛ տարբեր մասնագիտություններ։
Մենք հաճույքով հաշվի կառնենք ձեր ցանկություններն ու առաջարկները՝ թե՛ լեզվաբանական հարցերում, թե՛ տարբեր մասնագիտական եզրերին վերաբերող հարցերում, թե՛ կայքի օգտակարությունը բարձրացնելու հետ կապված հարցերում, ինչը կնպաստի բառարանը անընդհատ թարմ պահելուն։
Այսուհետ Անկյունաքար հրատարակչության «Անգլերեն-հայերեն արդի բառարանից» կարող եք օգտվել առցանց՝ այցելելով http://www.dict.am կամ http://www.dictionaryarmenian.com կայքերից որևէ մեկը։ Հուսով ենք, որ բառարանից օգտվելը ձեզ համար կլինի հաճելի և օգտակար։
Անկյունաքար հրատարակչություն

No comments: