«Անկյունաքար» հրատարակչություն

Monday, March 7, 2011

Խաչիկ Գրիգորյանի խոսքից

Անգլերեն-Հայերեն Արդի Բառարանի  «Բյուրոկրատ» գրախանութում տեղի ունեցած շնորհանդեսին բառարանի հեղինակներից Խաչիկ Գրիգորյանն իր խոսքում ասաց.
_ Անդրադառնալով Արդի բառարանի ստեղծման պատճառներին, նա ասաց. «Անգլերենի և  հայերենի արդի վիճակն արտացոլող  ծավալուն բառարանի անհրաժեշտությունը վաղուց էր զգացվում։  Պետք էր մի այնպիսի բառարան, որը  կօգներ հայախոս մարդուն ոչ միայն առնչվել անգլերեն բանավոր և գրավոր խոսքին, այլև դառնար լիարժեք գործիք՝ անգլերենից հայեցի թարգմանություն կատարելու համար։  Այս անհրաժեշտությունից ելնելով է, որ ձեռնարկեցինք սույն  Արդի բառարանի հրատարակումը»։
 Լուսանկարը՝ Կ. Գրիգորյանի

«Անգլերեն-հայերեն արդի բառարանի» ստեղծման նախնական աշխատանքները սկսվել են դեռևս 2000 թվականից։ Աշխատանքի ընթացքում օգտվել են հայ բառարանագրական ավանդույթներն արտացոլող թեմատիկ ու ժամանակային մեծ ընդգրկում ունեցող գրականությունից, սկսած 1868 թ. Վենետիկում տպագրված Հարություն Ավգերյանի «Անգլերեն և Հայերեն Բառարանից» մինչև մեր օրերը լույս տեսածները։ Բառերի և դարձվածքների ժամանակակից իմաստները ճշտելու և հստակեցնելու համար կազմողները օգտվել են բրիտանական ու ամերիկյան առաջատար հրատարակչությունների վերջին բացատրական բառարաններից։ Հատկապես բացատրական բառարաններից, այլ ոչ թե երկլեզվյա բառարաններից, որպեսզի բառիմաստները լինեն ճշգրիտ, ներկայացված լինեն ըստ գործածության հաճախության, տրված լինեն հնարավոր իմաստային բոլոր տարբերակները և այլն։  Վերցվել է բրիտանական հնչյունային տառադարձումը։
Բառարանը կազմելիս հեղինակները ձգտել են հնարավորության դեպքում ներկայացնել բառերի հայեցի տարբերակը։  Օգտագործվել են թե՛ հրապարակում առկա հաջողված հայերեն եզրերը, և թե՛ այս բառարանը կազմողների ստեղծածները։ Նորագույն փոխառությունները ներառվել են այն եզրույթների  դեպքում, որոնց համար հայերեն հաջողված համազորներ չկան կամ էլ որոնք գործածվում են հայերեն տարբերակներին զուգահեռ։ 
Շնորհանդեսի ընթացքում կարծիքներ փոխանակվեցին, բարձր գնահատվեց  Արդի բառարանի լույս ընծայման փաստը, նրա տարողունակությունը, տեղի ունեցավ հետաքրքիր, աշխույժ քննարկում։

Sunday, March 6, 2011

Շնորհանդես «Բյուրոկրատում»

Նոյեմբերի 26-ին, 2010 18.00, Բյուրոկրատ գրախանութում կայացած շնորհանդեսին մասնակցում էին  տասնյակ մասնագետներ, գիտնականներ, արվեստագետներ, գրահրատարկիչներ ու նաև այդ իրադարձությամբ հետաքրքրված անձինք։
      Լուսանկարը՝ Կ. Գրիգորյանի


 
Լուսանկարը՝ Կ. Գրիգորյանի

Շնորհանդեսը բացեց գրախանութի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը, ով նշեց, որ ուրախ է, որ իրենց գրախանութում է կազմակերպվել Անկյունաքար հրատարակչության այդ միջոցառումը, քանի որ ինքը կարևորում է Անյունաքարի լրջությունը և նվիրվածությունը հրատարակչական գործում։ Բառարանը ներկաներին ներկայացրեց թարգմանիչ, բառարանագիր, ֆիզ-մաթ գիտ. դոկտոր Ալեքսանդր Աղաբեկյանը։















Լուսանկարը՝ Կ. Գրիգորյանի


Նա խոսեց Անկյունաքար հրատարակչության որդեգրած մոտեցումների, արդի հայ բառարանագրության զարգացման գործում ֆիզիկոս Խաչիկ Գրիգորյանի ներդրման մասին։ «Այսօր կան զանազան մեծ ու փոքր, ընդհանուր ու  մասնագիտական բառարաններ, սակայն այս բառարանը ներկայացնում է լեզվի համընդհանուր զարգացման ներկա փուլը, նրա ամենատարբեր շերտերը։ Ինձ համար գնահատելի է, որ Անկյունաքար սկսել է ամենափոքր՝ «Անգլերեն -հայերեն ամենաշատ օգտագործվող բառերի առձեռն բառարանից», ու  հետևողական աշխատանքով հասել է այս եզրագծին։ «Անգլերեն -հայերեն արդի բառարանը» այս պահին մեզնանում եղած ամենամեծ  ու ընդգրկուն բառարանն է։ Ես  այն արդեն օգտագործել եմ թարգմարության համար, և փորձով ստուգելով՝ կարծող եմ վստահորեն ասել, այն  թարգմանական աշխատանքում լիովին ծառայում է իր նպատակին»։

Thursday, March 3, 2011

Դիտողություններ և առաջարկներ

Սիրելի ընթերցողներ, սպասում ենք բառարանի բովանդակության հետ կապված ձեր դիտողություններին ու առաջարկներին։ Նախապես շնորհակալություն։

Tuesday, November 23, 2010

Շնորհանդես Presentation

Նոյեմբերի 26-ին, 2010 18.00, Բյուրոկրատ գրախանութում (Երևան) կկայանա Անկյունաքար հրատարակչության՝ 2010թ. նոյեմբերին հրատարակած «Անգլերեն-Հայերեն Արդի Բառարանի» շնորհանդեսը։ Բառարանը կներկայացնեն Խաչիկ Գրիգորյանը և Ալեքսանդր Աղաբեկյանը։

Հասցեն՝ «Բյուրոկրատ» գրախանութ Պուշկին 56-21 (Պուշկին և Սարյան փողոցների խաչմերուկ), Երևան

On November 26, 2010 at 18.00, the “Bureaucrat” bookshop will host Khachik Grigoryan and Alexander Aghabekyan to present the "English-Armenian Contemporary Dictionary" published by Ankyunacar, November 2010, in Yerevan.

Address: “Bureaucrat” bookshop, Pushkin St. 56-21, (crossroads of Pushkin and Saryan Str.) Yerevan

Saturday, October 30, 2010

Կետ առ կետ


Բառարանը կազմելիս հատուկ ուշադրություն ենք դարձրել հետևյալին.
  կարևորել ենք անգլերենի դարձվածային բայերի, դարձվածքների, կայուն կապակցությունների ու առածների արտացոլումը՝ իրենց զուգաձևություններով՝ ներառյալ բրիտանական և ամերիկյան տարբերակները։ Դրանք ներկայացրել ենք իրենց հայերեն համարժեքներով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ հայերեն բառացի թարգմանությամբ։
խոսակցական բառերի և արտահայտությունների հայերեն գրական համազորներից բացի ձգտել ենք տալ նաև համապատասխան խոսակցական տարբերակները՝ անգլերեն տեքստի ընկալումը և թարգմանությունն ավելի դիպուկ դարձնելու նպատակով։
  բուսանուններին և կենդանաբանական անուններին նվիրված բառահոդվածներում սովորաբար նշել ենք նաև լատիներեն կարգաբաշխային (տաքսոնոմիական) անվանումները։
  որոնման հեշտության համար հապավումները, կրճատումները, աշխարհագրական եզրերը ևս ներառել ենք ընդհանուր բառացանկի մեջ։
Այս բառարանում հնչյունական տառադարձումը տրված  է հիմնականում միջազգային հնչյունական  տառադարձման բրիտանական տարբերակով՝ UK IPA։ Հնչյունական տառադարձումը չի տրված մի շարք ածանցավոր և բարդ բառերի դեպքում։

Wednesday, October 27, 2010

Նորաբանություններ


Հասարակական կյանքի, գիտության ու տեխնիկայի նոր երևույթները նկարագրելու համար անընդհատ առաջ են գալիս նոր հասկացություններ, որոնց համապատասխան եզրերը (եզրույթ, տերմին) դեռևս բացակայում են լեզվում։ Այս կապակցությամբ ստեղծվող նորաբանությունները կա՛մ լինում են նորագույն փոխառություններ, կա՛մ էլ ստեղծվում են լեզվի ներքին միջոցներով՝ բառակազմական գործող կաղապարներով։ 

Միևնույն հասկացության համար հաճախ ստեղծվում են մեկից ավելի նորակազմ բառեր։ Վերջիններս, օտարազգի ծագում ունեցող բառերի հետ միասին գործածվում են լեզվում, մինչև որ ընդունվում է դրանցից մեկը, իսկ մյուսները կա՛մ դուրս են մնում լեզվից, կա՛մ էլ նոր իմաստներ, իմաստային նրբերանգներ են ստանում։

Բառարանը կազմելիս ձգտել ենք հնարավորության դեպքում ներկայացնել բառերի հայեցի տարբերակը։ Օգտագործել ենք թե՛ հրապարակում առկա հաջողված հայերեն եզրերը, և թե՛ այս բառարանը կազմողների ստեղծածները։ Նորագույն փոխառությունները ներառել ենք այն եզրույթների  դեպքում, որոնց համար հայերեն հաջողված համազորներ չկան կամ էլ որոնք գործածվում են հայերեն տարբերակներին զուգահեռ։ 

 
Մի շարք թեմաներին նվիրված բառապաշարը, ինչպես օրինակ՝ գիտական, տեխնիկական, համակարգչային, հեռահաղորդակցական, կրոնական, հասարակագիտական և այլն, անգլերեն-հայերեն բառարաններում միասին մեկ հրատարակությամբ դեռևս բավարար չափով արտացոլված չի եղել։ Անկյունաքար հրատարակչության կազմած սույն բառարանը մի փորձ է լրացնելու այդ կարևոր բացը։

Monday, October 25, 2010

Բառարանի պատմությունից...


Բառարանի կազմման սկզբունքները մշակելիս որպես հիմք ենք ընդունել 1997-ից ի վեր լույս տեսնող «Անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն համառոտ բառարանը», որում ներառված են ժամանակակից անգլերենի ամենագործածական բառերը։ «Անգլերեն-հայերեն արդի բառարանի» ստեղծման նախնական աշխատանքները սկսվել են դեռևս 2000 թվականից։ Աշխատանքի ընթացքում օգտվել ենք հայ բառարանագրական ավանդույթներն արտացոլող թեմատիկ ու ժամանակային մեծ ընդգրկում ունեցող գրականությունից, սկսած 1868 թ. Վենետիկում տպագրված Հարություն Ավգերյանի «Անգլերեն և Հայերեն Բառարանից» մինչև մեր օրերը լույս տեսածները։ Բառերի և դարձվածքների ժամանակակից իմաստները ճշտելու և հստակեցնելու համար օգտվել ենք նաև բրիտանական ու ամերիկյան առաջատար հրատարակչությունների վերջին բացատրական բառարաններից։